loading
Անհատ ձեռնարկատիրոջ և սահամնափակ պատասխանատվությամբ ընկերությունների հիմնական տարբերությունները

Անհատ ձեռնարկատիրոջ և սահամնափակ պատասխանատվությամբ ընկերությունների հիմնական տարբերությունները

14.12.2021

Ներկայումս, ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ամենատարածված տեսակը անհատ ձեռնարկատերերը (ԱՁ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն (ՍՊԸ) են, և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելիս անհրաժեշտություն է առաջանում ընտրել առավել համապատասխան տեսակը՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները : Մասնավորապես, Անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է, որը պետական հաշվառման փաստի ուժով իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու իր անունից, իր ռիսկով իրականացնել գործունեություն: ԱՁ-ն իրավունք ունի զբաղվելու գործունեության ցանկացած տեսակով, որը արգելված չէ ՀՀ օրենքով: Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ, չունի կանոնադրական կապիտալ (հետևաբար չի հաշվեգրում և չի բաշխում շահաբաժին), կանոնադրություն, ինչպես նաև գույքային առանձանացվածություն, որը նշանակում է, որ ԱՁ-ն իր պարավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում բռնագանձում չի տարածվում: Անհատ Ձեռնարկատիրոջ գործունեությունը կրում է ֆիզիկական անձի իրավունակության և գործունակության հետ կապված որոշակի ռիսկեր: Մասնավորապես, ԱՁ-ի մահվան, գիտակցության կորստի, գործունակության սահմանափակման դեպքերում նրա գործունեությունը դադարում է, ինչպես նաև ԱՁ-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը իրավահաջորդության սկզբունքով չի փոխանցվում նրա ժառանգներին: Կարևոր է հիշել նաև, որ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք հանդիսանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար և եկամտային հարկ վճարողներ: Ընդ որում, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց (և՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական) հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: ՍՊԸ-ն որպես սեփականություն ունի առանձնացված գույք ի տարբերություն ԱՁ-ի, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով և պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: ՍՊԸ-ի հիմնադիր փաստաթուղթ է համարվում նրա հիմնադիրների կողմից հաստատված կանոնադրությունը, իսկ ընկերության ընթացիկ գործունեությունն իրականացնում են գործադիր մարմինները՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ: Վերջինս առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ, որը ԱՁ-ի դեպքում իրականացնում է հենց ինքը՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում դրամարկղային գործառնությունների իրականացումը պարտադիր ենթարկվում է փաստաթղթավորման և կանխիկ դրամի հետ կապված գործառնությունները պարտադիր ենթակա են գրանցման դրամարկղային գրքում: Նշենք, որ սույն կարգավորումը չի տարածվում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց դեպքում, ովքեր չեն գործում ԱԱՀ-ով հարկման դաշտում:

Կիսվել

Ինչպե՞ս փաստաթղթավորել էլեկտրոնային առևտուրը։

Ինչպե՞ս փաստաթղթավորել էլեկտրոնային առևտուրը։

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 380․1-ի՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։

06.04.2021

Ե՞րբ է դրոշմանիշային վճարը վճարվում գործատուի միջոցների հաշվին և ե՞րբ է այն ենթակա վերադարձման աշխատակցին։

Ե՞րբ է դրոշմանիշային վճարը վճարվում գործատուի միջոցների հաշվին և ե՞րբ է այն ենթակա վերադարձման աշխատակցին։

“ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի տարածքում կամ Հայաստանի տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատում են Հայաստանի տարածքում, անհատ ձեռնարկատերերը, նոտարները։ Նյուն օրենքի համաձայն՝ վերը նշված անձինք, դրոշմանիշային վճար չեն վճարում, երբ վերջիններս աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը (հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո) չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը: Այս դեպքում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են տվյան անձանց եկամուտ վճարող գործատուի կողմից՝ նրա միջոցների հաշվին։ Դիցուք աշխատակիցը միակ աշխատանքային պայմանագրի շրջանակներում ստանում է 92 000 ՀՀ դրամ գրանցված աշխատավարձ։ Հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո զուտ աշխատավարձը կկազմի 67 040 ՀՀ դրամ։ Քանի որ զուտ աշխատավարձը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն չափը՝ 68 000 ՀՀ դրամը, ապա դրոշմանիշային վճարը վճարվում է գործատուի կողմից՝ սեփական միջոցների հաշվին, իսկ աշխատակցին վճարվում է 68 540 ՀՀ դրամ աշխատավարձ։ Պատասխանենք այն հարցին, թե երբ է դրոշմանշային վճարը ենթակա վերադարձման աշխատակցին։ Համաձայն “ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի 2020 թվականին գործող խմբագրության՝ եթե ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դիմելու հատուցման հիմնադրամ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար: Դրոշմանիշային վճարը կարող են հետ ստանալ նաև այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ կամ հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ են ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով։ Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի ընթացքում մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը կարող եք ետ ստանալ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 1000plus.am կայքի միջոցով: ՈՒշադրություն: Մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների նեկայացման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը:

06.04.2021

2021թ․-ին  կբարձրանա պարտադիր կուտակային վճարների դրույքաչափը

2021թ․-ին կբարձրանա պարտադիր կուտակային վճարների դրույքաչափը

Կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի կամ այլ անձի կողմից մասնակցի օգտին կատարվող վճարն է։ Համակարգի պարտադիր մասնակից են 1974 թ-ից հետո ծնված աշխատակիցները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները և 2014 թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները։ Պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի ամսական եկամտի 10%-ը։ Եթե վերջինիս եկամուտը չի գերազանցում 500,000 դրամի շեմը, ապա 3.5% վճարվում է անձի, իսկ մյուս 6.5%-ը պետության կողմից: Եթե եկամուտը ընկած է 500 001-ից 1 020 000 ՀՀ դրամի միջակայքում, ապա պետության կողմից վճարվում է 32,500 դրամ, իսկ մասնակցի կողմից եկամտի 10% և 32,500 ՀՀ դրամի տարբերությունը։ Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը գերազանցում է 1 020 000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 32 500 ՀՀ դրամ, իսկ անձի կողմից` 69 500 ՀՀ դրամ: Դիցուք ֆիզիկական անձը աշխատանքային պայմանագրի շրջանակներում ստանում է 650 000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Նրա պարտադիր կուտակային վճարը կկազմի 32 500 ՀՀ դրամ (650 000*10%-32 500): Եթե աշխատակցի ամսական եկամուտը կազմում է 400 000 ՀՀ դրամ, ապա նրա պարտադիր կուտակային վճարը կկազմի 14 000 ՀՀ դրամ (400 000*3,5%)։ 2022թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային վճարը կկազմի՝ մինչև 500 000 ՀՀ դրամը ներառյալ ամսական եկամտի համար՝ 4.5%, 500 001 ՀՀ դրամից մինչև 1 020 000 ՀՀ դրամ եկամտի դեպքում՝ եկամտի 10%-ի և 27 500 ՀՀ դրամի տարբերության չափով։ 1 020 000 ՀՀ դրամից ավել ամսական եկամտի դեպքում վճարը կկազմի 74 500 ՀՀ դրամ։

06.04.2021